«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվում է առցանց եղանակով։
«Իրատեսի» «Ձևաչափային այս փոփոխությունը չի՞ ենթադրում հետևորդների թվի ավելացում» հարցին ի պատասխան փառատոնի տնօրեն ՎՐԵԺ ՔԱՍՈՒՆԻՆ ասաց, որ երկրում տիրող իրավիճակով պայմանավորված՝ ստիպված են եղել հետաձգելու փառատոնը, և իրականացնելու են միայն մասնագիտական ծրագրերը։ Դեկտեմբերի 15-29-ն ընկած ժամանակահատվածում փառատոնն իր REA-ON հարթակում կազմակերպելու է առցանց աշխատարաններ, որոնցում հանդես կգան կինոոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր կկիսեն իրենց հարուստ փորձը մասնակիցների հետ և հնարավորություն կընձեռեն հարստացնելու գիտելիքներն ու ծանոթանալու արտերկրի փորձին։ Փառատոնի տնօրենն ընդգծեց, որ ծրագրերն ուղղված են գլխավորապես ոլորտում մասնագիտանալ ցանկացողներին։ Հետաքրքրվեցինք՝ անիմատորներն ու պատկերապատողներն ինչպե՞ս են հարթում իրենց ճանապարհը մեր երկրում, կա՞ բավարար հետաքրքրության նրանց ստեղծածի նկատմամբ, և ի՞նչ նշանակություն ունի արվեստագետների կայացման գործում «ՌեԱնիմանիան»։
Վրեժ Քասունու կարծիքով՝ Հայաստանում տարեցտարի ավելանում են պատկերապատման ու անիմացիոն արվեստով հետաքրքրվողները. «Թե ինչպես են հարթում ճանապարհը Հայաստանում, նույնն է, ինչ այլ երկրներում։ Առաջին հերթին պետք է զբաղվեն ինքնազարգացմամբ, աշխատանքով և ինքնուրույն ոճ ստեղծելով։ Քանի որ այսօր աշխարհը փակ չէ, համացանցը կա, ամեն մեկն իր ճանապարհը ինքնուրույն պետք է գտնի։ Հայաստանում վերջին տասը տարիներին զարգացել է արվեստի այս տեսակը. հասարակության մեջ կա մի խավ, որն ընթերցում է պատկերապատումներ (գրաֆիկական վեպ), անիմացիոն ֆիլմին այլ աչքով է նայում՝ ոչ թե որպես մուլտի, այլ՝ կինոյի։ Ինչքան շատ լինեն հետաքրքրվողները, այնքան կավելանան պահանջարկն ու արտադրությունը։ Նաև հրատարակչություններն ունեն որոշակի պատասխանատվություն ու պարտականություն, որ զարգացնեն այս ոլորտը, հնարավորություն տալով արվեստագետներին ստեղծագործելու, հրատարակվելու և համագործակցելու»։
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ «ՌեԱնիմանիան» իր հերթին հնարավորություն է տալիս լրացնելու բացը, որ կա կրթական համակարգում և զարգացնելու անհատ անիմատորների, պատկերապատողների մասնագիտական ունակությունները։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ